English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Վրացահայ հասարակական գործիչների ձերբակալման կապակցությամբ
ՙԵրկիր՚ միության հայտարարությունը վրացահայ հասարակական գործիչներ` Գրիգոր Մինասյանի եւ Սարգիս Հակոբջանյանի ձերբակալման կապակցությամբ

2009 թ. հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալեցին Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին եւ ՙՇարլ Ազնավուր՚ բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածով (հանցագործության նախապատրաստում), 223 եւ 314 հոդվածների 1-ին մասով (համապատասխանաբար` անօրինական զինված խմբավորման ստեղծում եւ լրտեսություն):

ՙԵրկիր՚ միությունը գնահատում է տեղի ունեցած ձերբակալությունները որպես սադրանք, որի միջոցով վրացական իշխանությունները գիտակցաբար հետապնդում են Սամցխե-Ջավախքում տիրող իրավիճակի եւ հայ-վրացական հարաբերությունների սրման նպատակը` ձգտելով հասնել հետեւյալին.

1.    Շեղել միջազգային հանրության հետզհետե աճող հետաքրքրությունը ջավախքահայ քաղաքական գործիչ` Վահագն Չախալյանի նկատմամբ ընթացող դատավարությունից, որի ընթացքում ՙՄիասնական Ջավախք՚-ի առաջնորդը եւ նրա դատապաշտպանները բարձրացնում են ջավախքահայությանը հուզող խնդիրները եւ պահանջում դրանց լուծումը, ինչը վրացական իշխանություններին մղում է նորանոր եւ բացահայտ դատավարական խախտումների եւ անօրինականությունների:

2.    Միջազգային հանրության առջեւ խաղարկելով ՙհայկական անջատողականության՚ խաղաքարտը խուսափել իր երկրում բնակվող էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում` հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության գծով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումից:

3.    Նույն ՙանջատողականության՚ քարտի խաղարկմամբ Հայաստանի իշխանություններին մղել նորանոր զիջումների ջավախքահայության եւ վիրահայության առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում:

Արդ, ՙԵրկիր՚ միությունը դիմում է միջազգային հանրությանը` կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել առկա ճգնաժամի խորացումը կանխելու եւ Վրաստանի հայ փոքրամասնության սոցիալ-տնտեսական, լեզվական, կրթական եւ կրոնական խնդիրները լուծելու ուղղությամբ:
Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել Վրաստանի իշխանություններին առ այն, որ որեւէ այլընտրանք երկրում բնակվող էթնիկական փոքրամասնությունների խնդիրների լուծմանը նրանք չունեն: Միայն իր էթնիկական  բազմազանությունը հարգող ժողովրդավարական Վրաստանը հնարավորություն կունենա խուսափել հետագա ցնցումներից եւ ապահովել երաշխիքներ իր երկրի բնականոն զարգացման համար:

23 հունվար 2009թ.